25/07/2023 13:43
Վարդան Օսկանյանը բեկում կարող էր մտցնել իր պաշտոնավարման ընթացքում, իսկ նախկին նախագահների հետ մեկ սեղանի շուրջ նստելու նախաձեռնությանը վերաբերմունք կարտահայտեմ. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ կաշկանդվածություն չունի Արցախի հարցով նույն սեղանի շուրջ նստել ՀՀ նախկին նախագահների հետ:
«2020 թվականի պատերազմի ընթացքում նման նախաձեռնություն եղել է ԼՂ պաշտոնաթող նախագահների կողմից, ու ես ընդունել եմ այդ նախաձեռնությունը, բայց հետագայում նրանք հրաժարվել են այդ նախաձեռնությունից, շատ մանրամասներ չգիտեմ, թե ով ինչու է հրաժարվել, բայց ես գիտեմ, որ այդ պատրաստակամությունը ունեցել եմ։ Եթե նոր նախաձեռնություն լինի, դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ», - մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Aysor.am-ի մյուս դիտարկմանը, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել էր իրեն՝ ակնկալելով հնարավորություն՝ բեկում մտցնել Ադրբեջանի հետ բանակցություններում՝ վարչապետն ասաց, թե նման հայտարարություններ կարող են անել ՀՀ նախկին բոլոր արտգործնախարարները:
«Եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ, պարոն Օսկանյանը իր պաշտոնավարման ընթացքում կարող էր բեկում մտցնել ու բոլորից տեսանելի դարձնել այդ բեկումը», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ուշադիր հետևել է Օսկանյանի բոլոր հայտարարություններին ու որևէ օգտակար բան չի տեսել դրանցում: