25/07/2023 15:04
Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ՝ ռուսաց թագավորին» ժանրի մեջ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցնում՝ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որևէ երկիր եղել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս:
«Չի եղել այդպիսի երկիր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ էր բերել, որում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ստեֆան Վինսկոտի հանդիպման արձանագրումն էր Ֆրանսիայի սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հարցերով հանձնաժողովում:
«Սա տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 8-ին, համանախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում գտնվող «լեռնային անկլավ է»»: Նա նաև 2012-2016 թթ., 2017-2019թթ. ԱՄՆ դեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցում հիշատակված ձևակերպումները մեջբերեց. ««Անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը ու 7 այլ ադրբեջանական տարածքներ»: Հիմա սա ես չեմ ստեղծել, սա եղել է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան շատ ազնիվ շեշտադրումներ:
«Շատերը, որ թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝ լավ, դուք 30 տարի անկախ պետություն եք, ինչքան պետք է ինչ պրոբլեմ լինի զանգեք Մոսկվա կամ նամակ գրեք Մոսկվա: Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ՝ ռուսաց թագավորին» ժանրի մեջ: Ընդ որում, ԼՂ մեր հայրենակիցներն այդ ժանրի հիմնադրման գործում շատ էական դերակատարում ունեն և ոչ միայն»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, թե, որպես անկախ պետություն, Հայաստանը պետք է անի հասունացման հաջորդ քայլը՝ հասկանալով, որ խնդիրների առաջին լուծողը մենք ենք:
«Դա է պատճառը, որ ես համաձայնել եմ պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ՝ այս ուղղությամբ զարգացումը, որն, ի միջիայլոց, չի երաշխավորում հաջողություն, Հայաստանի համար հասունացման հաջորդ աստիճան մտնելու շատ կարևոր քայլ է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ միջազգային հանրությունը ուզում է Լեռնային Ղարաբաղի ցանկացած լուծում, Հայաստանին ասում են՝ բավարար ջանքեր գուցե գործադրեք: