26/07/2023 10:08
«Էստեղից չենք գնալու». անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ակցիա են անում՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրկին ակցիա են իրականացնում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
«Խնդրել էին, որ ժամանակ տանք, հիմա անցել է մեկ շաբաթ, պատասխան չկա, էստեղից չենք գնալու, մինչև Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի, պետք լինի՝ 10 օր էլ կսպասենք»,- ասաց ծնողներից մեկը։
Հիշեցնենք՝ անցած չորեքշաբթի նրանք նույնպես ակցիա էին անում, փակել էին փողոցներ ու միայն խոստումից հետո, որ վարչապետը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց, ծնողները բացեցին ճանապարհը։