26/07/2023 22:37
Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, Աղդամի ճանապարհի մասին պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան
Գործող իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, որ Հայաստանը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստել է, որ Լաչինի միջանցքը բաց է և բեռները հիմա այնտեղ են և անհնար է անցկացնել, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Գորիսի ամբարներում շուրջ 500 տոննա հումանիտար բեռ կա, որը չի անցկացվել:
Նա նշեց, որ Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել. «Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, այդպիսի պայմանավորվածություն չի եղել: Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի, քանի որ նոր է եղել այդ հայտարարությունը, հիմա ենք անդրադառնում դրան: Դա Ադրբեջանը որակել է մանիպուլացիա, քաղաքականություն: Պատկերացրեք մարդկանց գազը, էլեկտրաէներգիան կտրելը, մարդկանց սովի մատնելն իրենց համար քաղաքականություն ու մանիպուլացիա չէ, բայց որ Հայաստանը իր պարտավորություններն է կատարում, դա որակվում է մանիպուլացիա: Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է»:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի փակումն անընդունելի է։ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ դրա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ, որը կապված է Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։