26/07/2023 11:17
Ինքը ճանապարհներ փակելով, փշալարերի վրա թռնելով դարձավ վարչապետ, էսօր չի բարեհաճում իջնի, զինվորի ծնողին երկու բառ խաբի
3 տարի է արդեն, ինձ էլ հաճելի չի, որ տարիքով կին եմ, եկել կանգնել եմ էս տաք ասֆալտին։ Չի բարեհաճում իջնի, երկու բառ խաբի, լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողներից մեկը։
«Իրան ընտրեցինք՝ ինչի՞ համար... երկիրը շենացնելու, ոչ թե երկիրը կործաներ ու ասեր՝ նախկիններն են։ Ինքն էլ նախկինների շարունակությունն ա, ինքը ինչով ա լավ նախկիններից։ Չի բարեհաճում իջնի, գոնե ծնողին երկու բառ ասի։
Մենք զինվոր ենք տվել, տարել ա, երեք տարի պատասխան չի տալիս։ Ինքը ճանապարհներ փակելով, փշալարերի վրա թռնելով դարձավ վարչապետ։ Բա էդ երեխեքին ուղարկել ես, կեսը զոհվել են, կեսը ողջ են մնացել, գոնե էդ ողջերից մի պատասխան չտա՞ս։ 3 տարի ա՝ Ադրբեջանի հանքահորերում են աշխատում, դրա համա՞ր ենք երեխա պահել, մեծացրել», - ասաց ծնողը։
Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցիան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս պահին ծնողները փակել են Բաղրամյան պողոտան։