26/07/2023 22:18
Արցախում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության հարցը
Հուլիսի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարել էր հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը, որը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ կարգավիճակ սահմանելու նրանց համար, ովքեր մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական կամ աշխատանքային (մասնագիտական) պարտականությունները կատարելիս կորցրել են կյանքը կամ վնասել առողջությունը:
Օրինագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: