26/07/2023 19:37
ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուի առաջադրման համար կսահմանվի երկօրյա ժամկետ
Հուլիսի 26-ին հրավիրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրմամբ: Ըստ գործող կարգավորումների՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, առաջարկվում է սահմանել երկօրյա ժամկետ:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստ գումարելը ստեղծված պայմաններում կարող է բավականին երկար տևել, ուստի առաջարկվում է հարցը քննարկել առաջիկա նիստում:
Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:
Եթե նախկինում մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ենթակա էին միայն քաղաքացիաիրավական պաշտպանության, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ: Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:
Քննարկված օրինագծերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը: