26/07/2023 18:52
Մի՛ թույլ տվեք, որ բռնապետությունը թևեր առած շարունակի ճախրել, քանզի այն կարող է նաև Ձեր տան դուռն էլ թակել. Արամ Սաթյանի բաց նամակը
Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մտավորականությանը
Արցախում ապրող մեր հայրենակիցներն արդեն ամիսներ շարունակ պաշարված են ադրբեջանական ղեկավարության կողմից: Օր օրի ավելի սրվող պարենային ճգնաժամը էլ ավելի է բարդացրել առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող մեր եղբայրների ու քույրերի կյանքը: Հումանիտար աղետը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Ցավոք, 21-րդ դարում մեր ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական հողում ապրելու անքակտելի իրավունքի համար, որը լոկ տարածություն չէ, այլ հայրենիք: Խնդիրը բոլորինս է, խնդիրը միայն 120,000 հայերինը չէ, ովքեր ապրում են այդ սուրբ հողի վրա: Բավ է լռել կամ սոսկ կոչեր անել: Սիրել երկիրը, ապրել սեփական տանը քաղաքականություն չէ, այլ իրավունք, հայրենասիրություն: Այսօր արցախահայությունը, որոնց հետ 30 տարվա մեջ տեսել ենք 3 պատերազմ, իրավունք ունեն սեփական հայրենիքում ապրել արժանապատիվ ու անվտանգ:
Մենք դիմում ենք ամբողջ աշխարհի մտավորականությանը, բոլոր մարդկանց: Մի՛ թույլ տվեք, որ բռնապետությունը թևեր առած շարունակի ճախրել, քանզի այդ ամենը կարող է նաև դառնալ նախադեպ ու Ձեր տան դուռն էլ թակել: Մի՛ առաջնորդվեք չեզոքությամբ, բարձրաձայնեք յուրաքանչյուրդ այս մեծ աղետի մասին, ձեր հերթին, ձեր չափով քայլեր իրականացրեք: Մենք դիմում ենք ՄԱԿ-ին՝ րոպե առաջ ապահովելու համար հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, մենք դիմում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահներին. իրականացրեք հստակ ու պատժիչ գործողություններ արցախահայության նկատմամբ Ալիևի՝ հայաթափման և էթնիկ զտման գործում: Սննդի, հոսանքի, գազի, ջրի վրա ուղիղ արգելք դնելը, առավել ևս, երբ այդտեղ ապրում են երեխաներ, ծերեր, նպատակային բնաջնջման փորձերը քողարկելը անտարբերությամբ իրավամբ նույնպես հանցակից դառնալ է: Բայց մենք հավատում ենք, որ այս ամենը աշխարհում չպետք է տեղ ունենա:
Լիահույս ենք, որ երկարատև խաղաղությանը մենք երկար չենք սպասի:
Արամ ՍԱԹՅԱՆ
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և Մովսես Խորենացի մեդալակիր