26/07/2023 19:19
Հիմնականում խիստ անհրաժեշտ դեղորայք է. Առողջապահության փոխնախարարը խոսել է Արցախ տեղափոխած դեղորայքի մասին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը խոսել է Արցախի Հանրապետություն տեղափոխվող մարդասիրական բեռի մեջ դեղորայքի առկայության մասին․ «Հիմնականում խիստ անհրաժեշտ դեղորայք է, հակաճնշումային, հակացնցումային դեղորայք, հոգեմետ դեղեր, անզգայնացնող նյութեր նաեւ հակաուռուցքային դեղեր։
Հաշվի առնելով, որ երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղ դեղի մատակարարումը ընդհատված է եղել եւ ունենք մի շարք քրոնիկական հիվանդներ, այս հումանիտար աջակցությամբ այդ հիվանդների դեղերն ենք փորձում առաջնահերթ ապահովել։
Մենք սրանով փորձում ենք որոշակի խնդիր լուծել։ Սակայն սրանով ամենեւին չի լուծվի առողջապահական հումանիտար ճգնաժամը, որ ներկա պահին ստեղծված է Լեռնային Ղարաբաղում։ Հիվանդանոցներում տասնյակ հիվանդներ կան, որոնք երեւանյան նեղ-մասնագիտացված կլինիկաներ տեղափոխվելու խիստ անհրաժեշտություն ունեն։ Կա շտապ օգնության աշխատանքի պակաս, քանի որ վառելիք չլինելու պատճառով շտապ օգնության մեքենաներն են սկսել չաշխատել։ Մի խոսքով, ունենք տոտալ առողջապահական ճգնաժամ, որը պետք է փորձենք ամեն գնով հանգուցալուծել։ Եվ այս դեղորայքի մատակարարումը որոշակիորեն թոթափելու է առողջապահական բեռը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա։
Փոխնախարարը նաեւ խոսել է ծանր հիվանդների մասին, որոնց մեջ կան եւ մանկահասակ երեխաներ եւ տարեցներ եւ քրոնիկական հիվանդներ, որոնք հերթական բուժօգնությունը պետք է ստանային նեղ-մասնագիտական կլինիկաներում։ «Խոսքը վերաբերում է ուռուցքային հիվանդություններին։ Մի խոսքով, այս պահին ունենք մի վիճակ, որն ավելի է բարդանում։ Չնայած վերջին երկու օրվա ընթացքում «Կարմիր Խաչի» աջակցությամբ ունեցել ենք շուրջ երեք տասնյակ պացիենտների տեղափոխում, բայց դա խնդիրն ամենեւին չի թեթեւացրել։
Պետք է ասեմ, որ այդ պացիենտների տեղափոխումը եղել է խիստ ուշացած եւ այդ պացիենտները իրենց հերթական բուժօգնությունը, ինչի նպատակով տեղափոխվում էին, բերում է արդեն բուժման անարդյունավետության։ Այս խնդիրները գնալով խորանում եւ շարունակվում են։