26/07/2023 09:47
«Ժողովուրդ». Վերանորոգվում է ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած որ ամառային հանգստի շրջան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերը բուռն աշխատանքային են: Նաև վերանորոգումների փուլում են իշխանությունները՝ պայմանավորված աշնանը սպասվող ավագանու ընտրություններով: Այս պահին վերանորոգվում է ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շտաբը օգոստոսի սկզբից արդեն պաշտոնապես կգործի: Գլխավոր շտաբը պատրաստ լինելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, և կսկսվի բուն քարոզարշավը: Թեև խորհրդարանն ավարտել է իր աշխատանքները, բայց ՔՊ-ական պատգամավորներն ամեն շաբաթ վարչության և նախաձեռնող խմբի նիստեր են անում, հանդիպումներ կազմակերպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը:
Այս ընթացքում ՔՊ-ականների համար օրակարգային է նաև ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարի՝ Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցը, բայց այդ մասով դեռ վերջնական որոշում չունեն: Բացի սա, այս ընթացքում վերանորոգվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, որը Սայաթ-Նովա պողոտայից տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցությունների հարևանությամբ: Կարճ ասած, ՔՊ-ն խրոխտ քայլերով գնում է նախկինների ճանապարհով»։