26/07/2023 12:14
1-2 օրվա սպառման սնունդ է. մանրամասներ՝ Արցախ ուղարկված հումանիտար օգնությունից
Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ ճշգրտվել են պարենի և դեղորայքի անհրաժեշտ տեսակները, կազմակերպվել են դրանց գնումը, պահեստավորումն ու առաքումը դեպի Կոռնիձոր, «Լուրերի» հատուկ թողարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:
Նա նաև հրապարակեց պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը, որն ուղևորվեց դեպի Կոռնիձոր:
Ըստ այդմ՝ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:
«Ինչպես տեսնում եք, սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Ընդհանուր առմամբ, իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է: Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նախարարի տեղակալը: