27/07/2023 15:33
Որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում. Մարուքյան
Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնել, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է. «Այս իմաստով, մենք որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, որ դա չապացուցենք և դա շատ ակնհայտ է։ Դուք երեկ տեսաք, որ ԱԳ-նում հավատարմագրված բոլոր դեսպանները ուսումնասիրել են, տեսել են բեռները։ Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին»։
Մարուքյանը շեշտեց, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամը օր օրի ավելի է խորանում. «Պետք է շարունակենք մեր գործողությունները, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերին»։
Լրագրողների այն դիտարկամնը, թե Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպման ժամանակ այս նախաձեռնության մասին Լավրովին ու Բայրամովին հայտնե՞լ է՝ Մարուքյանը նշեց.«ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։ Մեր նախարարը ոչ թե 360 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»։
Հիշեցնենք, որ երեկվանից 19 բեռնատար, որը Արցախ պետք է տեղափոխեր հումանիտար բեռ, կանգնած է Կոռնիձորում։