27/07/2023 11:20
Հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստի խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական կազդի վստահության մթնոլորտի հաստատմանը. Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օգնությունը հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։
«Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ ութ ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այս գործելակերպն անհասկանալի է ու անընդունելի։
«Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով, սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար»,- նշեց Փաշինյանը։
Երեկ ԼՂ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ ալյուր, մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր ու դեղորայք։
Վարչապետն ասաց, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են բեռնատարների պարունակությանը։
«Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը ԼՂ։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն է ու ցեղասպանության ենթարկելը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանը սպասում է ՌԴ խաղաղապահ զորախմբի, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին։
«Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ բեռների մուտքը ԼՂ կնպաստի խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին։