27/07/2023 09:37
«Հրապարակ». Արցախի քաղաքական վերնախավում որոշել են փոխել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավում որոշել են փոխել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով Արայիկ Հարությունյանի կուսակիցն է։ Տարբեր պատճառներ էին նշում, գլխավորը՝ որ նա իրավիճակին չէր տիրապետում, խմելու հանդեպ սեր ուներ և երբեմն անզգույշ հայտարարություններ էր անում: Վերջինը. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի»: Եվս մի պատճառ էին ասում․ վերջերս նա սկսել էր շփվել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, ընդունել նրան իր մոտ, ինչը, ըստ գործընկերների, անհետևանք չէր անցնում։
Այդուհանդերձ, հրաժարականի որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է կոնսենսուսով՝ Թովմասյանի համաձայնությամբ։ Նա արդեն հրաժարական է ներկայացրել, և խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Քննարկվում է դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով Արցախի վիճակը և ՀՅԴ-ի դերը։
Սա, ի դեպ, Թովմասյանի կյանքում երկրորդ հրաժարականն է` ԱԺ նախագահի պաշտոնից: Առաջինը եղել է 1997-ին, երբ մեկ տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո, համանման հանգամանքներում հեռացել է և կրկին հարել Սամվել Բաբայանի թիմին։ Ի դեպ, Արցախի ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է անելու, որ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո նոր նախագահ ընտրեն ոչ թե 10-օրյա, այլ 2-օրյա ժամկետում և առաջիկա նիստում, այլ ոչ թե հերթական նիստում, որը կայանալու էր սեպտեմբերին։ Ռազմական դրության մեջ գտնվող Արցախում ԱԺ նախագահի պաշտոնը չեն ուզում երկար թափուր թողնել»։