27/07/2023 13:50
Արցախի համար նախատեսված հումանիտար բեռը 20 ժամ է, ինչ Կոռնիձորում է. արձագանք չկա որևէ կողմից. Վարդան Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է:
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որևէ տեղաշարժ չկա մեքենաների հետ կապված։
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն: Այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ սահմանված կարգով դիմել են և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ համապատասխան օղակներով ադրբեջանական կողմին։
«Այս պահին պատասխան չունենք»,- ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին՝ քար լռությո՞ւն է տիրում՝ Վարդան Սարգսյանն արձագանքեց. «Կարող ենք նաև այդպես ասել»: