27/07/2023 09:54
«Ժողովուրդ». Նախարարությունը կարևորն անկարևորից չի տարանջատում, և գումարները հօդս են ցնդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսները ընկած ժամանակահատվածում «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ փոխանցել է 359 մլն 191 հազար դրամ:
Նախորդ տարի՝ 2022 թվականին, դրամաշնորհային ծրագրով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին նույն ծրագրով փոխանցել են 565 մլն 390 հազար դրամ: Կառավարության որոշումներով նման միլիոններ ուղղում են ազգային պարկերին, որոնց արդյունավետությունը նկատելի չէ: Օրեր առաջ ArmLur.am-ը անդրադարձել էր «Սևան» ազգային պարկի տարածքում ծառերի վիճակին. դրանք պատված էին թրթուռներով և վարակված էին, ծառերը կանգնած են ոչնչացման վտանգի առաջ: Այդ իրավիճակում անհասկանալի է, թե ինչի համար են բյուջեից անարդյունք մսխվող ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայում:
Իսկ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում փոխանցել է 330 մլն 892 հազար դրամ է հատկացրել անվերադարձ: Թվում էր, թե այսպիսի գումարներից հետո բարեկարգ վիճակի ականատես պետք է լինենք, բայց փոխարենը հաճախ ազգային պարկում ականատես ենք լինում կերուխումից հետո թողած թափոնների, նշված տարածքում հանգստյան գոտիների կառուցման, ծառահատումների:
Այսինքն՝ նախարարությունը կարևորն անկարևորից չի տարանջատում, և գումարները, որ պետք է ծառայեն՝ ի նպաստ բնության, հօդս են ցնդում»։