27/07/2023 16:42
«Ո՛չ հաց կա, ո՛չ ձեթ․ գրեչկան ջրով եփում, տալիս եմ երեխաներին»․ բազմազավակ մայրն Արցախից ահազանգում է՝ մեկ շաբաթից երեխաները կզգան՝ սովն ինչ է․ Լուսանկարներ
Առանց չափազանցության՝ 300 հազար դրամը մեկ շաբաթում ծախսվում է, եթե ինչ-որ բան խանութներում կա, ապա այդքան թանկ է, Aysor.am-ին պատմեց Արևիկը՝ Արցախից։
«Լոլիկի 1 կգ-ն 3000 դրամ է, վարունգն ու սոխը՝ 1700 դրամ։ Աղ էի փնտրում, ասացին, որ 2500 դրամ է։ Այս վիճակում անգամ լույսի վճարը չտալու համար լույս են անջատում։ Ամուսինս բլոկադայի պատճառով գործազուրկ դարձավ, ես չեմ աշխատում։ Ամբողջ ոսկեղենս գրավադրել եմ, որ «յոլա» գնանք, բայց էտ էլ ա վերջացել։
Տրանսպորտ չկա, ամռան տապին ոտքով այս խանութից այն խանութն ենք գնում, որ մի բան գտնենք, բայց խանութներն ամբողջությամբ դատարկ են։ Հացի փռեր էլ առավոտ շուտ պետք է գնալ ու հերթ պահել, էն էլ հարց է՝ հաց կհասնի՞, թե՞ մինչև հերթդ հասնի, հացը կվերջանա։ Ժամերով հերթ եմ կանգնում, բայց դատարակ տուն վերադառնում»։
Բազմազավակ մայրն ահազանգում է՝ եթե մեկ շաբաթ էլ այսպես շարունակվի, իր երեխաները զգալու են՝ ինչ է սովը։
Հիմա Արևիկենց տանը միայն հնդկաձավար կա։ Ո՛չ ձեթ կա, ո՛չ աղ․․․, հաց էլ չունեն․ «Գրեչկան ջրով եփում, տալիս եմ երեխաներին»։
Շաքարավազն էլ մեկ շաբաթ է՝ վերջացել է։ Ամանի մեջ ընդամենը մեկ գթալ է մնացել։
Իսկ քաղցրեղենն արդեն երազանք է երեխաների համար։ Արևիկի երեխաները, և ոչ միայն Արևիկի երեխաները, քաղցրի համն արդեն վաղուց չեն զգում։
«Քաղցր չկա, ընդհանրապես չեն օգտագործում։ Գնում էի խանութ, երեխեքն ասեցին՝ «Քինդեր» կբերես, բայց դատարկ հետ եկա։ Իրենց բացատրեցի՝ ինչի չկա, որ ճանապարհները փակ են։ Ասեցին՝ դե կոնֆետ կբերես, ասեցի՝ էտ էլ չկա, ասեցին՝ ադիբուդի, պատասխանեցի՝ էտ էլ չկա, բայց չհավատացին։ Սկսեցին լացել, հետս խանութ տարա, որ համոզվեն։ Երեխեքը փոքր են, բայց մեծի պես իրենց բացատրում եմ, էտ պահին ասում են՝ լավ, եղավ, բայց հետո ինչ-որ բան են ուզում, ու այս պայմաններում նորից հայտնվում ես անելանելի վիճակում», - ասում է արցախցի կինը։
Ասում է՝ լավ կլինի, եթե Հայաստանի օգնությունը տեղ հասնի, կարիքը շատ կա։ Բայց եթե տեղ հասնելու միակ տարբերակը Աղդամով է՝ դեմ են։
«Չենք պատկերացրել, որ 21-րդ դարում էս վիճակում կհայտնվենք։ Պատերազմից հետո մեզ առաջարկեցին ՀՀ-ում մնալ, աշխատանքով ապահովելու էին, սկզբի համար օգնելու էին, բայց մերժեցինք, հետ եկանք մեր Արցախ ու չենք փոշմանել»։
Այս ընթացքում փորձել է երեխաներին բնականոն կյանք հետ բերել․«Պատերազմից հետո երեխաների մտքից փորձում էի հանել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծման հիշողությունները, այդ ժամանակ երեխաները եկեղեցու ներսում էին (խոսքը լուսանկարից հայտնի Շուշիի եռյակի մասին է-խմբ․)։ Հիմա էլ՝ սա։
Դրսից, հնարավոր է՝ շատ ավելի հեշտ է երևում, բայց իրականում վիճակը շատ ավելի վատ է։ Այստեղ գնալով ավելի վատանում է, չեմ ուզում պատկերացնել՝ ինչ կլինի այսպես շարունակվելու դեպքում»։
Ի պատասխան վարչապետի՝ «բախչա մշակելու» խորհրդին՝ Արևիկը հարց է բարձրացնում․«Բախչա մշակելու համար տարածք ա մնացե՞լ։ Մնացածն էլ, որ կա, չեն թողում մարդիկ մշակեն, ամեն գյուղատնտեսական աշխատանք անելիս, կրակում են։
Մեր հույսը հիմա Աստված է»։