27/07/2023 11:42
Վերջին 20 տարում Իջևանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ այսօր կարող էինք վաճառել ու եկամուտ ստանալ. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ԵՄ-ն Հայաստանին 32 միլիոն եվրո կհատկացնի։ 29,3 միլիոն եվրոն Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով որպես բյուջետային աջակացություն, ևս 2,7 միլիոն եվրոն կլինի լրացուցիչ տեխնիկական աջակցություն։
Նպատակն է աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի հետ կապված հիշեց «06-ի, ԶԻԼ-ի, ՈՒԱԶ-ի կուզով»-ի պատմությունը։
«Ուր գնում ես՝ 66, 134 ԶԻԼ... կներեք, դա մեր բոլորի մասին է, հիմա մեր գյուղի տանն էլ, ենթադրում եմ, որ խորդանոցների դռները բացեմ, 06-անման ահագին բան կգտնեմ։ Մյուս կողմից՝ բազմաթիվ արժեք ներկայացնող նյութեր լցվում են աղբը, օրինակ, Հայաստանում այսօր բազմաթիվ մոդայիկ սրճարաններ կան, վերջերս մի դեպքի եմ ականատես եղել, ներդրողին հարցրել եմ՝ որտեղի՞ց եք գտել այս ամեն ինչը, ասաց՝ «մի մասը գյուղական աղբավայրերից ենք գտել»։ Հիմա, որ սրճարանում տեսա, հասկացա, որ վերջին 20 տարում Իջևանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ այսօր կարող էինք վաճառել ու եկամուտ ստանալ, բայց 06-ի կուզովն անձեռնմխելի է»,- նշեց վարչապետը։
Մեկ այլ թեմա էլ հիշեց վարչապետը՝ կապված տներում «սերվիսների» հետ։
«Բոլորիս տներում կա սերվիս, որ այդպես էլ երբեք չի օգատգործվում, հետո հանում, փոշին հավաքում ենք, դնում տեղը, մեր տանը կա այդպիսի բան, 1980 թվից այս կողմ երևի երկու կամ երեք անգամ՝ կարևոր հյուրերի համար...»,- ասաց Փաշինյանը։