28/07/2023 21:00
Երկրորդ հղիության գրագետ պլանավորում. ինչպե՞ս կանխել առաջացող ռիսկերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկու հղիությունների միջև ամենաքիչը երկու տարվա միջակայք պահել, քանի որ հաճախ երկրորդ հղիությունը կարող է որոշակի ռիսկեր պարունակել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18 ամսից շուտ երկրորդ անգամ հղիանալը մեծ թվով ռիսկեր է պարունակում ապագա երեխայի համար՝ վաղաժամ ծննդաբերություն, ցածր քաշ, կարճ հասակ և այլն:
Այսպիսով, եթե կինը ֆիզիկապես և էմոցիոնալ առումով առողջ է, ապա երկրորդ հղիությունը խորհուրդ է տրվում պլանավորել առաջին երեխայի ծնվելուց 18 ամիս անց:
Հաճախ առաջին երեխան ունենալուց հետո, ծնողներին կարող է թվալ, թե երկրորդ հղիությունն էլ նույնքան հեշտ կստացվի: Սակայն լինում են պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել երկրորդ հղիությունը:
Դրանցից են՝
Տարիք՝ 35-ից բարձր. Գաղտնիք չէ, որ կնոջ՝ հղիանալու հավանականությունը մեծապես կախված է նրա տարիքից և 30-ն անց կանայք ավելի շատ են հակված երկրորդ անգամ հղիանալու հետ կապված դժվարություններ ունենալուն:
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ. Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հորմոնալ դիսբալանս է, որը կարող է խաթարել կնոջ օվուլյացիան:
Ավելորդ քաշ. Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում ավելորդ քաշը կարող է բեղմնավորման հետ կապված խնդիրներ առաջացնել: Կանանց մոտ ավելորդ քաշը կարող է առաջացնել ինսուլինի անբավարարություն, ինչպես նաեւ՝ տեստոստերոնի քանակի ավելացում, որը նույնպես խանգարում է օվուլյացիային:
Տղամարդկանց դեպքում ավելորդ քաշը կարող է ավելացնել էստրոգենի քանակն օրգանիզմում, ինչն, իր հերթին, կնվազեցնի սպերմատոզոիդների քանակը:
Ծխախոտի և ոգելից խմիչք եք չարաշահում. Մեծ քանակությամբ խմիչքը կանանց դեպքում երկարաձգում է բեղմնավորման գործընթացը և նվազեցնում առողջ երեխա ծննդաբերելու շանսերը:
Պետք է հիշել, որ երկրորդ հղիության պլանավորումը կարող է մի փոքր ավելի երկար տևել, քան առաջինը: Գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս միանգամից չանհանգստանալ, այլ մի փոքր սպասել: Իսկ ջանքերի մեկ տարուց ավել ապարդյուն անցնելու դեպքում, այցելել մասնագետի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։