28/07/2023 15:10
Ձեր աչքով տեսեք՝ ինչպես է Ադրբեջանը փակել հումանիտար բեռների ճանապարհը. Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց դեսպաններին, որ ընդունել են հրավերը և անձամբ են տեսնելու, թե ինչ է կատարվում տեղում.«Հակարիի կամուրջը գտնվում է այն մասում, դուք կարող եք տեսնել, որն այս պահին արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Ինչ վերաբերում է հումանիտար բեռներին, ապա դուք կարող եք տեսնել, որ այս մեքենաները տևական ժամանակ գտնվում են այստեղ, մինչ այս պահը շատ փոքր քանակով կարողանում էինք դեպի Արցախ սնունդ և դեղորայք ուղարկել, սակայն վերջին ժամանակներում անհնար է դարձել։ Այնտեղ՝ Արցախում, քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները։ Ես տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց դրան արդյո՞ք սովամահության ճանապարհով են ուզում հասնել։ Դա անընդունելի է բոլորիս համար։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են և ունեն դրա կարիքը»։