28/07/2023 18:20
Ադրբեջանը կազմակերպել և իրականացրել է գործողություններ, որոնք ուղղված են Արցախի հայ բնակչությանը ոչնչացնելուն. միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով, այս մասին հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության դատախազությունից:
«Այնուհետև, անտեսելով և չկատարելով ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023թ հունիսի 15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների, դեղորայքի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ 2023թ. հուլիսի 27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն՝ այդ կերպ Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպել և իրականացրել է այլ գործողություններ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության հայ բնակչությանը ոչնչացնելուն, որն էլ առաջացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքում մանկահասակ երեխաների մահ, ինչպես նաև մանկածնության խոչնդոտներ և այլ ծանր հետևանքներ:
Նկարագրված դեպքի առթիվ 28.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով /Միջազգային ահաբեկչությունը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը»,- ասվում է հաղորդագրությունում: