28/07/2023 16:13
Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել. Ռազմիկ Ամյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ Ռազմիկ Ամյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։
«Բարի օր եմ ցանկանում բոլոր հայերին, աշխարհի բոլոր խաղաղասերներին։ Առաջին անգամ պետք է խոսեմ այս մասին, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում հայերիս մի մասը, արցախցիների վիճակը և ակնհայտ տեսնում ենք, որ գնալով շատ ավելի է ծանրանում։ Սննդ, դեղորայքի հարցն էլ է թերի։ Չգիտես ինչու՝ միջազգային հանրությունը դրա մասին լռում է և լուծում չեն կարողանում տալ։ Մեկ դարից ավելի է՝ հայերս պայքարում ենք ցեղասպանության հարցի շուրջ, որոշ դեմոկրատ երկրներ ճանաչել են, որոշները լռում են և այսօր ակնհայտ նույնը տեղի է ունենում Արցախիս ժողովրդի հետ։ Ցեղասպանում են մեզ։ Իհարկե, հասկանում եմ, թե ինչի համար է այդպես, բայց ցանկությունս մեկն է։ Եթե իմ խոսքը կարող եմ լսելի դարձնել աշխարհին, ես երջանիկ կլինեմ։
Խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել և այս հարցին լուծում տալ։ Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել։ Ես հույս ունեմ, որ լսելի կլինի։ Ես հույս ունեմ, որ բոլորիս խաղաղություն կլինի և Աստծո լույսը այս հարցին կարգավորում կտա։ Շատ վատ է վիճակը», - նշում է երգիչը։