28/07/2023 13:51
Հրազդանի կիրճը վտանգված է. եթե քայլեր չձեռնարկվեն, հետևանքը լինելու է անդառնալի. Աշոտ Հարությունյան
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ Հրազդանի կիրճում Այլանթ տեսակի ծառը սպառնում է կիրճի էկոհամակարգին, եթե քայլեր չձեռնարկվեն, հետևանքը լինելու է անդառնալի։
Հրազդանի կիրճում սանիտարական հատում, էտ չի նկատվում, ամենուր բարդու չորացած ճյուղեր են, բուժում չի իրականացվում, փոխարենը ագրեսիվոերն բազմացել են Այլանթ տեսակի ծառերը. ահազանգ պետք է հնչեցնել, քանի դեռ շատ ուշ չէ։
Նախկին փոխնախարարը մեկնաբանում է՝ Այլանթը ջուր խժռող, ինվազիվ ծառ է, բազմանում է ագրեսիվ, անվերահսկելի՝ ընկճում է այլ տեսակի ծառերը, այդպիսով զբաղեցնելով նաև դրանց տարածքը։ Ծառը նաև ալերգեն է, առաջացնում է խիստ տհաճ հոտ, ՀՀ-ի համար բնորոշ ծառատեսակ չի համարվում։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ արագ աճող, արագ բազմացող, բարձրահասակ ծառը կարող է լուծել Երևանի կանաչապատման խնդիրը, բայց դա միայն առաջին հայացքից. ծառն իսկական չարիք է էկոհամակարգի, քաղաքի ենթակառուցվածքների համար, սպառնալիք՝ մարդկանց առողջությանը։
«Այս պահին էլ կարելի է Հրազդանի կիրճում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, հակառակ դեպքում, մի քանի տարի անց, արդեն վտանգված կլինի կիրճի էկոհամակարգը։ Կամ էլ, ով գիտի՝ գուցե պատրաստվում են սակուրա՞ տնկել։
Համարենք, գերատեսչական մարմինները կա՛մ չեն հասկանում, կա՛մ նպատակադրված են անտեսում խնդիրը, իսկ ու՞ր են բնապահպանական կառույցները, բնապահպան ակտիվիստները։ Այդ ծառը ոչ միայն Հրազդանի կիրճի համար է սպառնալիք։ Ակնհայտ է՝ Երևանում ամենուր, պուրակներում, բակերում ծառատեսակն ագրեսիվ բազմացել է։ Ինչ վերաբերում է կիրճին. այն փոքր անտառ է Երևանում, ի՞նչ են անում անտառվերականգնման աշխատանքներին ուղղված դրամաշնորհները, եթե չեն հոգում կիրճի խնդիրները»։