28/07/2023 16:35
Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել. Վահան Կոստանյանը՝ Արցախի հումանիտար աղետի մասին
Իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում, Կոռնիձորում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով գետնի վրա։ Տևական ժամանակ է, որ սննդի, դեղորայքի լրջագույն պակաս կա։ Մարդկանց բոլոր իրավունքները շարունակվում են ոտնահարվել։ Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել, և դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը»,-ասաց Վահան Կոստանյանը։
Փոխնախարարն ասաց, թե Ադրբեջանը բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից հրապարակված վճիռներին։
Դիմելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, Կոստանյանն ասաց, թե հույս ունի, որ այս ամենի մասին կփոխանցեն իրենց մայրաքաղաքներին։
«Հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով»։