28/07/2023 14:08
Ապերախտ ժողովուրդ, որ խանդավառությամբ գնում է երկրորդ ցեղասպանության. Հարություն Մեսրոբյան
Ես մի բան եմ նկատել. մարդիկ, որ 30 տարի մաքառում էին, պատերազմում էին, հիմա հանրության հետ խոսելիս դիմում են՝ ապերախտ ժողովուրդ, ինչպես որ դիմում էր Նժդեհը, ինչպես որ Թումանյանը ցեղասպանությունից երեք տարի առաջ դիմեց՝ դառնացած ժողովուրդ։ Բազմաթիվ փորձերից հետո, ես հասկացա, որ այս բնակչությանը ոչինչ բացատրել պետք չէ, թող տաշի-տուշի անելով ցեղասպանվեն։ Իհարկե, այս վիճակի մեղքի մեծ բաժին ունի մտավորականությունը։ 1907 թվականին ո՞վ էր պաշտպանում այն միտումը, որ երիտթուրքեը գան իշխանության՝ հայ մտավորականությունը։ 2018 թվականին նույնպես մտավորականները խանդավառությամբ քայլեցին, իսկ հիմա լուռ են, չկան։ Սցենարը կրկնվում է. Առաջին համաշխարհայինին կորցրինք Արևմտյան Հայաստանը, հիմա բնաջնջվելու ենք Արևելյանում՝ տաշի-տուշի անելով, «Պրեսսինգ» հաղորդմանն ասել է «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը։
«Մենք անտարբեր չենք, մենք խանդավառությամբ գնում ենք դեպի երկրորդ ցեղասպանություն, Տիտանիկ նավի կործանման օրը նվագախումբը մինչև վերջին պահը նվագում էր, բայց դա դրական միտում ուներ, որ մարդիկ խուճապի չմատնվեին, մեր դեպքում մենք պարզապես ընտրել ենք ինքնահրկիզման ճանապարհը։ 2025 թվականին՝ հանած, գումարած մեկ տարի զանգվածային ողբերգական դեպքեր են սպասվում տարածաշրջանում. բացառված չեն ջարդերը, հավանական է, որ պետականություն կորցնենք»։
Այդպիսի գնահատականը Մեսրոբյանը պայմանավորել է մակրո և միկրո ազդակներով։ «Անգլոսաքսոնական և ռուսական կայսրությունների հերթական առճակատման փուլում ենք, պիկը լինելու է 2024 թվականից, արթնացած հրաբուխի օջախ է նաև մեր տարածաշրջանը, 2025 թվականին Արցախում ավարտվում է ռուս խաղաղապահների պայմանագրային ժամկետը, ազդակ է նաև Իրան-Արևմուտք, Իրան-Ադրբեջան լարվածության ուժգնացումը։
Այս իրողությունների պայմաններում չեմ տեսնում քաղաքական ուժ, որ պատրաստ է լուրջ քայլեր անելու։ Որևէ նախաձեռնություն արդեն չի հասցնելու թափ հավաքել, փրկել երկիրը՝ անգամ եթե ամենաարդարն է, ամենալավ կազմակերպվածը։ Միակ հնարավորությունը, եթե հիմա ուժային կառույցներում մի քանի մարդ խմբավորվի, վեկտոր ընտրի։ Պոռթկումը պետք է լինի ուժային կառույցներինը, այլապես պետականությունը կկորցնենք»։