28/07/2023 20:27
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արթուր Թովմասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արթուր Թովմասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, այս մասին հայտարարել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ «իշխանափոխության» մասին տարածված եւ ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։
Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։
Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երեւան։ Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
Եթե բժշկական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։
Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան եւ արժանացել լիակատար փոխըմբռնման։
Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն եւ տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը եւ վերադառնալու բնականոն կյանքի»,- Facebook-ում գրել է Աթանեսյանը: