29/07/2023 13:26
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
«Հուլիսի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Պարոն Օլիվիե Դըկոտինյին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում», - հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: