29/07/2023 20:06
Ադրբեջանի կողմից առևանգումը նախապես ծրագրված է եղել, սպառնում են նաև ԼՂ այլ բնակիչների
Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության:
Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ: