29/07/2023 10:16
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը
«Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո»: Գաղատացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը մեզ Աստծո ժառանգներ ու որդիներ է կոչում` բացահայտելով ամենակարևոր պատգամը` պատգամը հավատալ Տեր Աստծուն ինչպես ծնողին և ուրեմն լինել Նրա ժառանգության տերն ու փոխանցողը:
«Իսկ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ ըստ խոստման: Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխա է, ավելին չէ, քան ծառան, թեպետ և ամեն ինչի տեր է: Բայց նա խնամակալների և վերակացուների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը: Նույնպես և՝ մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք: Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո»: (Գաղ. 3.29-4.7)
Հուլիսի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը: Այսօր հիշատակվում է Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի մասին, ովքեր բոլորիս համար օրինակ են, թե ինչպես է պետք տնօրինել Հոր կողմից ստացված ժառանգույթյունը, գրում է qahana.am-ը։
Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու և անդրադառնալու մեր հոգևոր ժառանգությանը, հիշելու, թե ո՞ւմ սերունդն ենք մենք, ո՞ւմ զավակն ենք և ի՞նչ առաքելություն ունենք: Այն ժառանգությունը, որը մենք ստացել ենք չի ենթադրում միակողմանի պատասխանատվություն: Որդեգրվելով Աստծուն մենք ստանում ենք նրա հովանավորությունը: Ինչպես երեխան կարող է մոլորվել ու շեղվել ծնողների ցանկացած կամ ուղղորդած ճանապարհից, սակայն չդադարել զավակ լինելուց, այնպես էլ մենք՝ այլևս Երկնային Հոր զավակներն ենք, Նա էլ մեր բազումողորմ Հայրը, ով ներում, սիրում և միշտ առաջնորդում է մեզ:
Որդի կկոչվենք, դուստր, թե թոռ` բոլորս մեկ ընտանիքի անդամ ենք և մեկ Հոր ժառանգներ: Մեզանից շատերը փափագում են դառնալ Աստծո որդի, ժառանգել Նրա «ունեցվածքը», դառնալ Նրա ընտանիքի անդամ, սակայն ի սկզբանե պատրաստ չեն կամ չեն գիտակցում դրա ամբողջ լրջությունը: Ով է Աստծո հետևորդը, ժառանգը և դրա փոխանցողը: Արդյո՞ք դու պատրաստ ես լինել Նրա որդին:
Նրա Միածին Որդին`Քրիստոս և որդեգիր մյուս հավատացյալ զավակները, որոնցից շատերն այսօր դասվում են սրբերի շարքին, անցան շատ ծանր, զրկանքներով ու փորձություններով լի ճանապարհ: Դու պատրա՞ստ ես:
Նրանցից շատերն անարգվեցին, հալածվեցին, սպանվեցին: Դու պատրա՞ստ ես:
Աստծո որդեգիր դարձած անձինք կոչված են Նրա սիրո, գթության և քաղցրության արտացոլումը լինել իրենց միջավայրում: Այսօր մենք ունենք կարիք որդեգրվելու, ընդունելու Աստծո սերը և փոխանցելու այ սերնդեսերունդ: