29/07/2023 18:50
Չենք ուզում արցախցիներին թվա, թե սփյուռքում էլ է այդպես. սփյուռքը դեմ է նշաձող իջեցնելուն
Բելգիայի հայ համայնքը Եվրոպական խորհրդի շենքի առջև բողոքի ցույց էր կազմակերպել՝ պահանջելով ճնշում գործադրել , ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել Արցախը։
Aysor.am-ը զրուցել է Բելգիայի հայ համայնքի վեհաժողովի նախագահ Կարեն Թադևոսյանի հետ։ «Բողոքի ցույցի նախօրեին մենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին բաց նամակ էինք ուղղել, վերջին եռակողմ հանդիպումից հետո Միշելի հայտարարություննեը մեզ շատ էին բարկացրել, բողոքի ակցիային պահանջեցինք, որ Շառ Միշելն առավել առարկայական հանդես գա, վստահ ենք, որ ունի լծակներ, ռեսուրսներ՝ դեկլարացիաներից անդին արդյունավետ քայլեր ձեռնարկելու։
Մեր բողոքի ակցիան նաև արցախցիներին ուղղված ապրումակցման քայլ էր. պատահական չէ, որ ընտանիքներով էինք մասնակցում, մեր երեխաները չեն հասկանում՝ ինչու պիտի Արցախի երեխաները սոված մնան։ Ակցիայով ուզում ենք մեր սիրելի արցախցիներին հույս ներշնչել, որ մենակ չեն։ Յուրաքանչյուր հայ պետք է օրինակ վերցնի նրանց տոկունությունը։ Հայաստանում իրարամերժ հայտարարությունների պակաս չկա, թույլ չենք, որ արցախցիները կարծեն գեթ մեկ վայրկյան, թե սփյուռքում էլ ենք այդ հարցում պառակտված. Մեր համայնքը դեմ է նշաձող իջեցնելուն»։
Կարեն Թադևոսյանն անընդունելի է համարում այն տեսակետը, թե սփյուռքն անտարբեր է։
«Մեզ չպետք է գերագնահատել. ցավոք, հանգուցալուծման բանալին մեր ձեռքում չէ, իհարկե, ոչ էլ թերագնահատելն է ճիշտ։ Որոշ հարցեր կարող են լուծվել երկու հանրապետությունների ջանքերով։ Կա նաև կարծես թե "համակարգված " անտարբերություն տեղական լրատվամիջոցների կողմից որը էլ ավելի է դժվարացնում մեր աշխատանքը։
Կարեն Թադևոսյանն ընդգծում է՝ այնուամենայնիվ մենք չենք ընկճվելու, չենք զիջելու։
«Հիմա արդեն ստեղծվել է նոր կառույց՝ «Եվրոպացիներն Արցախի համար», այդ հարթակում մենք ոչ թե որպես հայեր ենք հանդես գալիս, այլ՝ Եվրոպայի քաղաքացիներ։ Ոմանք ծնվել են այստեղ, ոմանք արդեն տասնյակ տարիներ այստեղ ենք ապրում, հարկեր վճարում, իրավունք ունենք պահանջատեր լինելու, մեր զայրույթը շատ մեծ է, պահանջում ենք, որ իրենց վավերացրած կոնվենցիաներին հավատարիմ մնան»։
Կարեն Թադևոսյանն ասում է՝ Հայաստանում, Արցախում կատարվողն ուղիղ ազդեցություն է թողնում Սփյուռքում ապրող հայերի կյանքին. շատ անհանգիստ ենք դեպքերի զարգացումներով։ Հայաստանից հնչող իրարամերժ հայտարարությունները շատ են բադրացնում մեր գործն այստեղ։ Արցախը մեր ուշադրության կենտրոնում է նաև մշակույթի տեսանկյունից ինչը ոչ պակաս կարևոր է քան քաղաքական պայքարը։ Ֆինանսավորել ենք նաև Արցախի շախմատի ֆեդերացիային, որովհետև հավատում ենք մեր սիրելի արցախցիների ապագային։