30/07/2023 22:19
Համի զգացողության փոփոխությունը քիմիաթերապիայի ընթացքում
Քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող դեղամիջոցները, բացի մի շարք այլ փոփոխություններից, կարող են առաջացնել նաև համի զգացողության փոփոխություն:
Թթվահամ ճաշատեսակները կարող են քաղցր թվալ և հակառակը: Այն ճաշատեսակները, որոնք նախկինում վայելել եք, կարող են տհաճ թվալ: Հաճախ բերանում կարող է մնացորդային տհաճ համ լինել, իսկ ուտելիքը, հնարավոր է, տարօրինակ բույր ունենա:
Սննդամթերքների և դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները նույնպես ազդում են ախորժակի վրա, սակայն լիարժեք սնունդն այս դեպքում առավել քան կարևոր է: Սննդի պահանջը զարգանում է հիվանդության ընթացքում: Սնունդն օրգանիզմին էներգիա և սննդարար նյութեր է փոխանցում, որոնք անհրաժեշտ են ուռուցքի դեմ պայքարում: Սնվելու մասին պետք է մտածել որպես բուժման անբաժանելի մաս:
Մասնագետներն այն կարծիքին են, որ կարևոր է պահպանել քաշը և սեփական օրգանիզմին ապահովել լիարժեք սննդով: Հիշեք, որ բուժմամբ պայմանավորված փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում, և շուտով կրկին կկարողանաք վայեյել ուտելիքը:
Ուտելիքը ավելի համեղ դարձնելու մի քանի պարզ խորհուրդներ.
Մետաղական սպասքի փոխարեն օգտագործեք պլաստմասսայից պատրաստված սպասք
Աշխատեք հնարավորինս հաճախ մաքրել ատամները, բերանի խոռոչը ողողեք խմելու սոդա պարունակող լուծույթով
Խմեք մեծ քանակությամբ հեղուկ
Ավելացրեք տարատեսակ համեմունքներ՝ ուտելիքի համը բարելավելու համար
Փորձեք ցիտրուսներ, աղ շաքար կամ այլ համեմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս
Ճաշակեք ոչ շատ տաք ուտելիք, քանի որ այն պակաս ազդեցիկ է համի առումով: Դա կօգնի ձեզ նվազեցնել համի և հոտի զգացողությունները
Օգտագործեք անանուխային կոնֆետներ, շնչառությունը թարմացնող միջոցներ կամ թարմ մրգերի կտորներ. դրանք կարող են վերացնել մյուս տհաճ կամ տարօրինակ համերը
Ու վերջապես, կոճապղպեղի կամ անանուխի հավելումը կօգնի թաքցնել մետաղի մնացորդային տհաճ համը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։