31/07/2023 15:01
Չինաստանը պատրաստ է աջակցել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է երկու պետությունների երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունում ընթացող բարեփոխումներին, արդարադատության ոլորտի թվայնացման, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքներին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Չինաստանը շուրջ 30 տարի է՝ ինչ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ, ու հույս հայտնել, որ այս համագործակցության շրջանակում երկկողմ հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև:
Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը պատրաստ է աջակցելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Կողմերը քննարկել են նոր համագործակցության ուղիներ սկսելու հնարավորությունն ու արդարադատության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Նախարարն ու դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ խորացնելու հայ-չինական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցության շրջանակը:
Գրիգոր Մինասյանն ու դեսպան Ֆան Յոնգը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: