31/07/2023 13:16
Ադրբեջանը հրաժարվել է Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից, որը պետք է կայանար Բրատիսլավայում (Տեսանյութ)
Օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը առանց որևէ բացատրության հրաժարվել է մասնակցությունից։
Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն մի քանի անգամ է փորձում է պարտադրել, որպեսզի Արցախից մարդ գնա Բաքու «բանակցությունների»։
«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվելու, որևէ բանակցություն, երկխոսություն չի լինելու։ Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձ են կատարում հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Ամսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում, նախնական Սոֆիայում՝ Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջև։ Հետո, Ռուսաստանն այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ։ Փորձեց առաջ անցնել և ամսի 25-ին հանդիպում կազմակերպվեց Լավրովի հետ, որի ընթացքում նա մեզ կոչեց ազգային փոքրամասնություն, որն անընդունելի էր, ինչը ցույց տվեց ՌԴ այսօրվա իշխանության քաղաքականությունը։ Այդ ֆոնին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ ֆորմատը փոխվեց և վաղը՝ օգոստսի 1-ին, Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը առանց որևէ բացատրության հրաժարվել է մասնակցությունից։ Այս երկու օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և որոշ քննարկումներ կլինեն։ Իսկ ահա Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման։ Այն պայմաններում, որ Ադրբեջանի կողմից առևանգվում է մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանը, ՌԴ-ի նման պահվածը մեր նկատմամաբ անարգանք ու ծաղր է», - հայտարարեց նա։