31/07/2023 16:01
Դեռ որևէ արձագանք չկա նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից. Վարդան Սարգսյան
Արդեն 6-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին, նրանք էլ իրենց հերթին՝ ԼՂ-ին։ Մինչև այս պահը, սակայն, որևէ արձագանք չկա, գրում է «Լուրերը»։
Դեռ որևէ արձագանք չկա նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ ընդգծելով, որ չնայած տարբեր պետությունների կողմից հնչած տարբեր կոչերին, միջազգային լայն արձագանքին, քաղաքական, հասարակական գործիչների հայտարարություններին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված համապատասխան որոշումներին՝ Ադրբեջանը փաստացի շարունակում է ապօրինբար փակ պահել Լաչինի միջանցքը և խոչընդոտել բեռների տեղափոխմանը:
«Նկատվում է միջազգային լրատվական գործալակությունների կողմից ստեղծված իրավիճակի հետ կապած հետաքրքրության աճ: Մասնավորապես, երեկ այստեղ էր «Ֆրանսպրես» գործակալության լրագրողը և ստեղծված իրավիճակի հետ կապված՝ վերջինս հնարավորություն ստացավ ականատես լինելու, թե ինչ է կատարվում տեղում, և համապատասխան հրապարակումը «Ֆրանսպրես» գործակալության կողմից արդեն իսկ տարածվել է»,- ասել է Վարդան Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ միջազգային մամուլի այլ ներկայացուցիչները ևս հետաքրքրված են իրավիճակով: Կոռնիձորի սահմանային հատված են այցելել նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Արգենտինայից ԶԼՄ ներկայացուցիչներ:
«Եթե ցանկություն լինի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ներկայացնելու իրավիճակը համապատասխան լրատվամիջոցներով, մենք, բնականաբար, բաց ենք, և հնարավորինս փորձում ենք ներկայացնել տվյալ միջոցառման հումանիտար բնույթը: Համոզված ենք, որ համապատասխան լրատվամիջոցները, այստեղ գտնվելով, կհամոզվեն դրանում, և համապատասխան հրապարակումները կլինեն»,- ասել է նա: