31/07/2023 19:36
Արցախում որքան ծանրանում է վիճակն, այնքան մեծանում է այստեղ ապրելու վճռականությունը. չենք կարող կապը կտրել մայր հողից. Գայանե Մելքումյան
Արցախում դժվարությունների, շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Գայանե Մելքումյանի հետ։
-Այս տարիներին վարելով «Հայացք ներսից» հաղորդումը` ունե՞ք սահմանում՝ ինչպիսինն են արցախցիները հայացք ներսից, Ձեր հայացքով։
-Ես իսկապես այս հարցի մասին շատ եմ մտածել, ծանոթ լինելով հաղորդման հյուրերի կենսագրությանը, միշտ հոգու խորքում մտածել եմ, որ գուցե ինչ-որ չափով տխուր զրույց ստացվի. Արցախում ապրած մարդկանց մեծամասնությունը երկու, երեք պատերազմի միջով է անցել, շատերն են դժվարին օրեր ապրել, բայց հարցազրույցներին հասկանում էի, որ հյուրերը իրենց մեջ ուժ են գտնում թաքցնելու տխրությունը, դառը օրերի դրոշմը։ Խոստովանեմ՝ այդ մարդկանց էներգիան ինձ ոգևորում էր, և դրա համար է, որ շատ եմ սիրում մարդկանց հետ զրուցել, մարդուն ուշադրության կենտրոնում պահել։ Շրջափակման օրերին նկարահանումները դժվարությամբ ենք շարունակում, մարդիկ հիմա կաշկանդվում են իրենց անձի մասին խոսել, մինչդեռ կարծում եմ՝ կարևոր է, որ հատկապես այս օրերին մարդիկ իրենց օրինակով պատմեն՝ ինչպես 90-ականներին հաղթահարեցին դժվարին օրերը. այս իրավիճակում դա կարող է ոգևորել, հաղթահարելու վստահություն ներշնչել։
-Ցավոք, լուրերի մեկնաբանները վերջին շրջանում ստիպված են անդադար վատ լուրեր հաղորդել, գիտեմ, որ դա խիստ դժվար աշխատանք է, ինչպե՞ս է հաջողվում շարունակել աշխատել, չհատել մասնագիտության գծերը՝ հայտնվելով խիստ հուզական դաշտում։
-Այո, ցավոք, հիմա գրեթե ամեն օր միայն վատ լուրեր ենք հաղորդում, հատկապես նյարդայնանում եմ միջազգային հանրության կոչերը կարդալիս, այդ հայտարարությունները հիմա մի տեսակ զավեշտալի են։ Կոչերը նախ մեզ պիտի ուղղված լինեն՝ համայն հայությանը. ամեն օր բախվում ենք միջազգային հանրության անտարբերությանը. սպասումներ միայն ինքներս մեզնից պիտի ունենանք։ Իսկ մենք աշխատում ենք հավատով, որ սա էլ կանցնի, եթե չհաղթահարենք, կնշանակի հանձնվել, դրա իրավունքը մենք չունենք. մեր հույսն էլ, ուժն էլ մենք ենք, կդիմակայենք հաստատ։
-Շրջափակման պայմաններում կենցաղային դժվարությունների, հոգսերի առյուծի բաժինը կանանց ուսերին է։ Հաջողվու՞մ է հաղթահարման ուղիներ գտնել։
-Ես մեկ շաբաթ մայրաքաղաքի խանութներով շրջում էի որդուս ձեռքը բռնած, իր սիրելի ֆուտբոլիստի՝ Կրիստիանոյի անունով մարզաշապիկ էինք փնտրում, քաղաքի բոլոր խանութներում եղանք, բայց չգտանք մարզաշապիկ, փոխարենը կար Մեսիինը, դա գնեցինք, հիմա տղաս հագից չի հանում մարզահագուստը։ Սուրենը երազում է ֆուտբոլիստ դառնալ, կարծում եմ՝ շրջափակման պայմաններում մարզաշապիկ գտնելու և շատ ուրիշ դժվարություններ ավելի կմոտիվացնեն որդուս հանրաճանաչ ֆուտբոլիստ դառնալու հարցում։
Երեխաների ամառային հանգիստն անցնում է սուղ պայմաններում, բայց նրանց հետաքրքրությունների աշխարհն այնքան մեծ է, որ հաջողվում է ծնողների հետ միասին որևէ զբաղմունք գտնել և օրը հետաքրքիր դարձնել։ Արցախում որքան ծանրանում է վիճակն, այնքան մեծանում է այստեղ ապրելու, այստեղ մնալու ցանկությունը, կապը չես ուզում կտրել մայր հողից։ Իհարկե, խնդիրները շատ են, ահռելի ջանքեր են պահանջվում դրանք հաղթահարելու համար. օգնում են արցախցուն բնորոշ համառությունը, հաստատակամությունը։ Հուսադրող իրողությունները քիչ են, բայց հույսը չենք կորցնում, պարզապես ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք ամեն ինչ մեր ձեռքում է, թե՞..։
- Գիտեմ, որ վառելիքի սղության պատճառով լրագրողները հաճախ չեն կարողանում շրջաններ գնալ, լուսաբանել շրջաններում ապրող մարդկանց հոգսերը, ութ ամիս է՝ անհնար է դարձել նաև Երևանում նկարահանումներ անելը, այս պայմաններում տեղեկատվական շրջափակումը հաղթահարել հաջողվու՞մ է, աշխարհին Արցախի ձայնը լսելի դարձնել հաջողվու՞մ է։
-Ակնհայտ է, որ միջազգային հանրություն կոչվածը չի ուզում մեր ձայնը լսել, ինչքան էլ որ բարձրաձայնենք, աղաղակենք։ Ես երբեմն բարկանում եմ, ասում եմ՝ մենք մեր ցավով կապրենք, թող չստացվի, թե օգնություն ենք հայցում։ Այնուամենայնիվ, հասկանալի է՝ պետք է առաջնորդվել տեղեկատվական պատերազմ վարելու կանոններով, ափսոս, որ այս դիրքերից ենք ստիպված կռիվ տալ։
-Մինչև շրջափակումը Ձեր հաղորդումներում ներկայացնում էիք ՀՀ-ում բնակվող արվեստագետների, հանրային գործիչների։ Արցախի համար այս ծանրագույն օրերին այդ մարդկանց արձագանքը Արցախում կատարվողին բավարար համարու՞մ եք։
-Երևանյան նկարահանումները առանձնակի հետաքրքրություն առաջաջացրին Արցախի հեռուստադիտողների շրջանում։ Ես հանգիստ խղճով կարող եմ ասել, որ պարզվեց՝ ճիշտ մարդկանց ենք եթերաժամանակ հատկացրել, հաղորդման հյուրերը Արցախի հոգսերով ապրող մարդիկ են՝ ինչպես Արմեն Աշոտյանը, Դավիթ Հակոբյանը, Ավետ Բարսեղյանը, Տիգրան Ներսիսյանը, անունները կարելի է շարունակել, այս մարդիկ առանձնահատուկ սեր ու վերաբերմունք ունեն Արցախի հանդեպ, դա խիստ տեսանելի է, այլ բան, որ հիմա գուցե քիչ են այդպիսի մարդիկ, դրա համար էլ արդյունքի չենք հասնում։
-Հատկապես ի՞նչ ուղերձ կուզեիք, որ շրջափակված Արցախից հասներ ՀՀ։
-Արցախի խնդիրների լուծման բանալիները ՀՀ իշխանությունների ձեռքին է. ամեն ինչ պետք է արվի, որ խնդիրը հայանպաստ լուծում ստանա։ Ցավոք, 44-օրյա պատերազմին, դրանից հետո, հիմա մենք ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում, չի կարելի թույլ տալ, որ հակաարցախյան ծրագիր կյանքի կոչվի։ Եթե մայր Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ գիտակցի, որ եթե չլինի Արցախը, չի լինի ՀՀ-ն, այդ դեպքում գուցե կարողանանք ազգովի փրկել Արցախն էլ, ՀՀ-ն էլ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ գիտի որտեղ և երբ է սխալվել, երբեք ուշ չէ սխալը ուղղել, եթե հիմա մարդիկ ուժ գտնեն սխալն ուղղելու, կկարողանանք փրկել պետականությունը։