31/07/2023 19:15
Արցախը կհաղթահարի այս վիճակը, եթե անհապաղ ձևավորվի նվիրյալներով, մահապարտներով կազմավորված Արցախի փրկության զորագունդ բանակը. Կամո Աթայան
Ցեղասպանության ուսումնասիրման գծով մասնագետ չեմ: Եթե անկեղծ ասեմ և այդ եզրույթը, և հատկապես այն իրողությունը, որ «հայ» բառը մարդկության մի մասը կապում է նաև ցեղասպանության հետ, ինձ նաև մտահոգում էր, այն իմաստով, որ մենք, կարծես, հավերժ թույլի, խեղճի կարգավիճակում ենք…
Սա անհատական զգացում էր, և 1992-ից հետո կարողացա մեջս հաղթահարել այդ բարդույթը՝ քանզի Շուշի ազատագրեցինք, վերջապես Արցախյան գոյամարտում հաղթեցինք և 1994-ի մայիսի սկզբներին ստորագրված Բիշքեկի արձանագրությունը, կարծես, ավելի շատ մեր հաղթանակի մասին էր, և դրա վառ ապացույցը նորաստեղծ Արցախի Հանրապետությունն էր…
Արդեն 7 ամսից ավել է` ինչ ծվատված Արցախը պաշարված է, վերջին մոտ 45 օրերին ոչ մի ել ու մուտ չկա, տիրում է բացարձակ շրջափակում, և այդ ամենը լուսավոր 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի, ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՀՀ անկախ պետության աչքի առաջ, ասել է թե` տեղի է ունենում նոր ցեղասպանություն, այն էլ շրջափակմամբ…
«Քաղաքակիրթ» աշխարհ, կրկին կարող ես զարգացնել ցեղասպանության տեսությունը/ինչպես հայտնի է այն հայերի ցեղասպանության հենքի վրա է ստեղծվել/, և կրկին կողմերը նույնն են ՝ թուրք-ադրբեջանական գիշատիչ տանդեմ և հազարամյակներով իր հայրենիքում ապրող հայեր, որոնք գործող օրենքներով ընդամենը 1988-ին քաղաքակիրթ ձևով և իրավական հիմնավորումներով ասել են, որ ուզում ենք միավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ, և այդ քայլը իսկույն սումգայիթյան, իսկ հետո Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ցեղասպանություններն է ծնել…
Բայց ոչ, պարզվում է, որ արյունարբու տանդեմը մասնագիտանում էր նոր տեսակի՝ շրջափակմամբ ցեղասպանություն իրականացնելու համար ու մեծ իմաստով այն սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սանձազերծվեց Արցախյան նոր պատերազմը, որը անվանում են 44-օրյա, իսկ դրանից հետո տարատեսակ գործողություններով նրանք կարողացան իրենցով անել Հադրութի շրջանի վերջին երկու գյուղերը, Ասկերանի շրջանի Խրամորթին հարակից բարձունքները և բնակավայրերը, և վերջապես Բերձորը՝ հարակից գյուղերով, և վերջին փուլը սկսվեց 2022-ի դեկտեմբերի 12-ից ու նոր դրսևորումներով շարունակվում է առայսօր` «ինքնատիպ փորձարարական դաշտ» լինելով «քաղաքակիրթ հետազոտողների համար»…
Ողջ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը զավթած հողատու դավաճանները խաղաղություն էին քարոզում՝ սիլի բիլի անելով նաև Թուրքիայի՝ հավանաբար այս ամենի հիմնական կազմակերպչի հետ…
Արդյունքը ավելի քան տեսանելի է ու կրկին մեզ հուշում է, որ ուժն ու միասնականությունն է ծնում իրավունքը…
Մնացյալը, հատկապես թուրքի պարագայում, չի կիրարկվում…
Արցախը իր դժվարին պատմության քառուղիներում նման օրհասական վիճակներ տեսել ու հաղթահարել է: Անկասկած, կհաղթահարվի նաև այս վիճակը, եթե ի մասնավորի անհապաղ ձևավորվի նվիրյալներով, մահապարտներով կազմավորված Արցախի փրկության զորագունդ բանակը…