01/08/2023 21:23
Թութքը հղիության ժամանակ. զրույց` պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանի հետ
Թութքը թութքային հանգույցների ախտաբանական մեծացումն է, դրանց արտանկումը հետանցքային ուղուց և հաճախակի բորբոքումը։ Հղիության ընթացքում, մասնավորապես, այն ազդում է կնոջ կյանքի որակի վրա և առաջացնում մի շարք անհարմարություններ։
Խնդրի շուրջ Aysor.am-ը զրուցել է պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանի հետ։
- Ինչո՞վ է պայմանավորված թութքի առաջացնումը հղիության շրջանում։
- Հղիության ընթացքում թութքի առաջացումը պայմանավորված է մեծացող արգանդի ներգործած ճնշմամբ փոքր կոնքի օրգանների վրա, որտեղ և գտնվում է ուղիղ աղին, հեմորոիդալ հանգույցները։
Հղիության ընթացքում թութքի առաջացումն անմիջական կապ ունի նաև կնոջ կենսակերպի հետ նախքան հղիությունը՝ նստակյաց կյանք, անառողջ սնունդ, փորկապություններ,ժառանգական գործոններ, ֆիզիկական ակտիվության պակաս։
- Ի՞նչ անել, թե հղիության ընթացքում կինը բախվում է այդ խնդրին։
- Թութքի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել պրոկտոլոգի խորհրդատվության՝ թե՛ հղիության ժամանակ, և թե՛ ծննդաբերությունից հետո։
- Որո՞նք են թութքի բուժման բժշկական մոտեցումները։
- Հղիության ընթացքում թութքի բուժման հիմնական մեթոդները դիետայի և հիգիենայի կանոնների խիստ պահպանումն է։ Լինում է նաև կոնսերվատիվ բուժում՝ մոմիկների, քսուքների և դեղահաբերի միջոցով։
- Ինչպիսի՞ մեթոդներով կարելի է կանխել թութքի առաջացումն առհասարակ։
- Առաջին հերթին պետք է լինել ակտիվ ֆիզիկական վիճակում, հետևել սննդակարգին, խուսափել կծու, թթու սննդի չարաշահումից, խուսափել փորկապություններից, կարգավորել աղեստամքոսային տրակտի աշխատանքը և հետևել հիգիենային։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։