01/08/2023 09:46
«Ժողովուրդ». Գործարար Արման Պետրոսյանը կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի փեսան է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 28-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, կալանավորվեցին: Երեկ էլ կալանավորվեց գործարար Արման Պետրոսյանը: Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեև փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գործարար Արման Պետրոսյանը կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է։
Էդուարդ Մադաթյանին և նրա փեսային է փաստացի պատկանում Երևան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաև ունի ռեստորանային համալիր, սրճարան և այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում:
Ըստ պաշտոնական տեղեկատվութան՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Նշենք, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է»։