01/08/2023 11:44
Հայաստանի անունից որոշակի փաստաթղթեր ստորագրելու հարցում Նիկոլ Փաշինյանը Գրիգորի Խաչատուրովին դիտարկում է որպես դիմադրության օղակ (Տեսանյութ)
Այս իշխանությունները Գրիգորի Խաչատուրովին դեռևս շարունակելու են պահել կալանքի տակ այնքան, մինչև իրենց մտքին եղածն իրականացնեն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Այս «գործը» գործ անվանել շատ քիչ է հնարավոր։ Ես հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը. ՊՆ-ն, ըստ դատախազության, անօրինական կարգով գույք է վաճառել, այդ գույքը գնել է Գրիգորի Խաչատուրովի ընկերը, հիմա Խաչատուրովին մեղադրում են փողերի լվացման մեջ»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, թե տեղի ունեցողի վերաբերյալ հետագայում այս պատմության գեղարվեստական կողմը ներկայացնողները գրքեր կգրեն սյուրռեալիզմի վերաբերյալ։
Պողոսյանը հիշեցրեց, որ ՊՆ-ն հարյուրավոր անգամներ հարյուրավոր գույքեր է վաճառել քաղաքացիներին կամ կազմակերպություններին, նոր գլխավոր դատախազի պաշտոնավարման ընթացքում քրեական գործեր են հարուցվել ու այդ գործերից որևէ մեկով որևէ անձ կալանքի տակ չի։
«Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվողը անձնական վերաբերմունք է։ Մի շարք խնդիրներն ու բարձրացրած հարցերին չտրված պատասխանները ակնհայտ վկայում են այն մասին, որ հենց այս պահին իշխանությանն ու իշխանության ամենավերին օղակներին՝ Նիկոլ Փաշինյանին, պետք է, որպեսզի Գրիգորի Խաչատուրովը մնա կալանքի տակ։ ՀՀ անունից որոշակի հայտարարություններ կամ փաստաթղթեր ստորագրելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը Գրիգորի Խաչատուրովին դիտարկում է որպես դիմադրության օղակ»,- ասաց պաշտպանը։