01/08/2023 13:28
Մեղրիում իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, ինքս եմ նկարահանել. Տոնոյան (Տեսանյութ)
Աժ քննիչ հանձնաժողովի նիստին Դավիթ Սանասարյանը նախ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է։
«Ուժեղ», - պատասխանեց Տոնոյանը։
Հետո Սանասարյանը նշեց, որ իր համար այդքան էլ պարզ չդարձավ, թե հոկտեմբերի 29-ին ինչ էր անում Մեղրիում։
Տոնոյանը հայտարարեց, թե Մեղրիում իր գտնվելու հիմնավորման գնահատականը պետք է տա իր այդ ժամանակվա վերադասը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը.
«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում, ՀՀ սահմանի 2-5 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։ ՊՆ նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈւ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։ Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈւ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում»։