01/08/2023 12:27
Հետևակի ներգրավման համակարգը մարտական գործողություններին թերի էր. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց, որ այնպես չի, որ ինքը բավարարված է եղել Զինված ուժերի վիճակով, տեսլականներն այլ են եղել։
«ԶՈՒ-ն կենդանի օրգանիզմ է։ 1992 թվականին, երբ ստեղծվեցին Զինված ուժերը, չենք եղել այն մակարդակում, որում եղել ենք 2020 թվականին և եթե չունենայինք 2020 թվականի պատրաստվածության, հագեցվածության վիճակը, հնարավոր է՝ ԶՈՒ-ն Ադրբեջանի կողմից գործողությունների սկսման պարագայում հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին՝ Կասպից ծովի ափերին։ Նորից կրկնում եմ՝ 2018 թվականի մայիսին, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, մեր գնահատականը եղել է այն, որ մենք կարող ենք դիմակայել ՀՀ սահմաններին եկող սպառնալիքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ հաշվի առնելով նաև երկրի տնտեսական ու ժողովրդագրական տվյալները։ Կարող էինք անել»։
Ինչ վերաբերում է զորահավաքային ռեսուրսներին, ապա Տոնոյանը իրատեսական չի համարել այն մարտավարությունը, որն իրականցվել է.«Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ զորահավաքային այդպիսի մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէր անելու։ Դրա համար նախապատրաստական փուլում մենք վերանայում էինք ակտիվ պահեստազորի, ռեզերվի գաղափարը և դա ներդում էինք։ Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական է և անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձևավորում են պրոֆեսիոնալ բանակ։ ՀՀ ԶՈՒ համալրումն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը մեծ թվաքանակ էր։ ՀՀ ժողովրդագրական տվյալները իրականում թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակներում ներդաշնակված ու մարտունակ ստորաբաժանումներ ներգրավել։ Հետևակի ներգրավումը մարտական գործողություններին, կարծում եմ, 5-րդ, 4-րդ սերնդի պատերազմների պարագայում թերի էր»։