01/08/2023 17:13
Մեր ձայնն Արցախինն է. դասական երաժշտության արտիստներն աշխարհին կպատմեն Արցախի շրջափակման մասին
Այսօր մեկնարկեց Արցախի խաղաղության փառատոնը։ Ամեն օր արթնանում ենք հարցով՝ ինչու ոչինչ չի արվում, հետո հաջորդ հարցն ես ինքդ քեզ տալիս՝ իսկ ե՞ս ինչ եմ արել, փորձում ես հասկանալ քո ռեսուրսները, թե ունեցածդ ձայնով ինչ կարող ես փոխել։ Հիշում ես, որ ունես ընկերներ, որոնց ձայնը շատ ավելի բարձր է հնչում, նրանք ներկայանում են միջազգային բեմերում, եթե առանձին ձայները քիչ հնարավորություն ունեն որևէ բան փոխելու, ապա եթե այդ ձայները միավորվեն, գուցե այնպիսի հնչեղություն ստանան, որ իսկապես հաջողվի ինչ-որ բան փոխել, Aysor.am-ի հետ զրույցում նշել է երգահան Լիլիթ Բլեյանը։
««Հայ Ձմեռ պապ» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Պետրոսյանի հետ միավորեցինք մեր ջանքերը, որոշեցինք ստեղծել առցանց փառատոն, որը հանուն Արցախի այս փուլում միավորելու է դասական երաժշտության արտիստների։ Որքան որ Արցախում հանդիսատեսը զրկված է սիրելի արտիստներին լսելու հնարավորությունից, նույնքան էլ արտիստներն են զրկված իրենց հանդիսատեսի համար Արցախում ելույթ ունենալու հնարավորությունից։ Որոշեցինք մեր խաղաղության փառատոնն առայժմ առցանց կազմակերպել, մինչև որ հնարավորություն կունենանք նորից Արցախ գնալու։ Երաժիշտները նախ հանդես են գալու մանիֆեստով, պատմելու են Արցախում կատարվողի մասին, ապա կատարում կնվիրեն Արցախի հանդիսատեսին։ Մարդիկ, որ իրենց ողջ կյանքը նվիրել են բարձր արվեստին, վեհ գաղափարներին, չեն կարող այս օրերին անտարբեր մնալ Արցախում կատարվողի հանդեպ»։
Լիլիթ Բլեյանը պարզաբանում է՝ արտիստները կատարումները կբեռնեն իրենց սոցիալական ցանցերի էջում, ֆլեշմոբին կմիանան այլ արտիստներ։
«Արցախ գնալ չենք կարող այս պահին, բայց գոնե երաժշտություն կարող ենք Արցախ ուղարկել։ Փառատոնի լոգոն, որ հեղինակել է Զարուհի Կրոյանը, տեղադրվելու է բոլոր կատարումների վրա, կատարումներին կցվելու է տեղեկություն Արցախում կատարվողի վերաբերյալ, լինելու են նաև տեսաուղերձներ, եթե կարճ՝ երաժշտությունը պատմելու է Արցախում կատարվողի մասին։ Այս փառատոնը Արցախում ապրող մեր հայրենակիցների համար է, բայց ակցիան ուղղված է միջազգային հանրությանը, արտաքին լսարանին։ Արտիստներ, որ երգում են Փարիզում, մեկ է՝ իրենց սիրտը ցավում է Արցախի համար, իրենք արցախյան լրահոսով են ապրում։ Կա նաև գիտակցում, որ դասական երաժշտության արտիստների լսարանը խիստ թիրախային է, մարդիկ են, որ ունեն լծակներ, ռեսուրսներ, ազդեցություն, կարող են քայլեր ձեռնարկել։ Շրջափակված Արցախի ձայնը լսելի դարձնել կարող ենք. դա պիտի փորձի անել յուրաքանչյուր հայ՝ աշխարհի տարբեր անկյուններում»։