01/08/2023 10:19
«Ժողովուրդ». Դատավորները պատրաստվում են բոյկոտի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորները պատրաստվում են բոյկոտի, իսկ թե բոյկոտը ինչ կերպ կդրսևորվի, դատավորները դեռ թեժ քննարկում են: Բանն այն է, որ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Հաջորդ ժողովը նշանակվել է օգոստոսի 4-ին: Իսկ ինչո՞ւ էր նիստը հետաձգվել: Բանն այն է, որ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրել՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի: ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեև ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաև այլ դատավորներ։
Եվ, ահա, այս հանգամանքն էլ դատավորները բարձրաձայնեցին, ու օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տպավորություն էր, որ այս ամենից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պետք է կազմակերպեր պատշաճ ծանուցում բոլոր այն դատարաններին ու դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամ դառնալու չափանիշներին, սակայն իրավիճակը չի փոխվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի հանձնվում ու ծանուցել է միայն մարզերի դատավորներին։ Արդյունքում դատավորները որոշել են բոյկոտել, իսկ թե ինչ կանեն, կհետևենք զարգացումներին։
Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին, սակայն անգամ այս հարցը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի թեթև ձեռքով օրակարգ չէր մտել, ուստի կռիվը դատական համակարգում առջևում է»։