01/08/2023 18:33
Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացմանը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և ԼՂ մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։
«Դիմումով Հատուկ խորհրդականին է ներկայացվել համապարփակ զեկույց՝ Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում կատարվող միջազգային հանցագործությունների մասին։ Մասնավորապես, զեկույցը մանրամասն վերլուծում է Ադրբեջանի և իր ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային և լուրջ խախտումները՝ հիմնված էթնիկ ծագման վրա։ Զեկույցում հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն՝ մասնավորապես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության։ Ցեղասպանության հանցագործությունը, ի թիվս այլնի, իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմամբ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ ֆիզիկական ոչնչացմանը։
Զեկույցում ներկայացված են փաստեր առ այն, որ Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունը Արցախի էթնիկ հայերի` որպես այդպիսին, ոչնչացումն է, որը բազմիցս ուղղակիորեն արտահայտվել է ադրբեջանական ամենաբարձր քաղաքական մակարդակում։
Ցեղասպանության հանցագործությունը Արցախում իրականացվում է hայերի նկատմամբ էթնիկ խտրականության՝ արմենոֆոբիայի պետական ցեղասպան քաղաքականության համատեքստում։
Ըստ այդմ՝ Հատուկ խորհրդականին խնդրել ենք դիտարկել իր մանդատի ներքո առկա վաղ նախազգուշացման մեխանիզմի գործարկման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և նրա միջոցով Անվտանգության խորհրդի ուշադրությանը»,- նշված է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հաղորդագրության մեջ։