01/08/2023 12:36
Գրիգորի Խաչատուրովն այն անհատներից է, որն «անկլավների» հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների դեմ կարող է կանգնել և՛ որպես գեներալ, և՛ որպես քաղաքացի. Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)
Գրիգորի Խաչատուրովն այն եզակի զինվորականներից է, որը կարող էր դառնալ և, վստահ եմ, դառնալու է հայ գեներալի էտալոնային կերպար, Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Ինչո՞ւ է նրա նկատմամբ ընտրվել կալանքը որպես խափանման միջոց կամ նրա ազատության մեջ գտնվելն ո՞ւմ կամ ինչի՞ն կարող էր խանգարել։ Եթե այսպես տրամաբանենք, ապա Խաչատուրովի ազատ լինելը չէր կարող գործին խանգարել, որովհետև նա երբևէ չի խոչընդոտել որևէ գործընթացի։ Հետևաբար, մնում է մեկ այլ տրամաբանական եզրահանգում՝ Գրիգորի Խաչատուրովի ազատ լինելը կարող էր և կարող է խոչընդոտել միայն ու միայն թշնամուն, թուրք-ադրբեջանական տանդեմին։ Գաղտնիք չէ, որ մեր հայրենիքի տարբեր հատվածներ այսօր շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիոն ծրագրերի թիրախում, և դրանց մեջ են «անկլավները», որոնք մեր հայրենիքի անբաժանելի մասերն են։ Ալիևի վերջին ելույթը նույնպես բացահայտ պահանջ էր, որ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստակամ պետք է լինի վերադարձնել այդ անկլավները։ Իսկ այդ «անկլավ» կոչվածները, մեր հայրենիքի սրբազան հատվածները, միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը, դրանց ստրատեգիական և ռազմական նշանակությունը գիտի նա։ Եվ հիմա, երբ միջազգային որևէ մեխանիզմ չի գործում, ավելի առաջնային պլան են գալիս անհատները, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում։ Այդ անհատներից է Գրիգորի Խաչատուրովը, որն անկլավների հանդեպ Ադրբեջանի ոտնձգություններին կարող է դեմ կանգնել և՛ որպես գեներալ, և՛ որպես քաղաքացի», - ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հետևաբար, Մելքոնյանի խոսքով, երբ Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում տարբեր պատասախանատուներ ընդունում են ինչ-որ որոշումներ, որպես քաղաքացի մտածե՞լ են, որ այս ամենի հետևանքով նույնպես հայտնվելու են ադրբեջանական թիրախում.
«Արդյո՞ք Գրիգորի Խաչատուրովն այն ամենավտանգավոր հանցագործն է, որին պետք է մեկուսացնել։ Երբևէ թշնամու առաջ չնահանջած գեներալին ինչու են ազատազրկման մեջ պահում, արդյո՞ք թշնամուց երբեք չնահանջած գեներալը պետք է խուսափեր հայաստանյան տարբեր կառույցների գործողություններից։ Չնահանջած գեներալին մեղադրել ու ազատազրկել այն հիմնավորմամբ, որ նրա ազատ լինելը կարող է խոչընդոտել գործին՝ ուղղակի անարգանք է նաև հայ սպայի նկատմամբ»։