01/08/2023 22:46
Լեռնային Ղարաբաղում սովի իրական վտանգ կա. վարչապետ
Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հումանիտար ճգնաժամ է, «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղին սնունդ չի մատակարարվում, մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն մատակարարվում։ Մանկական սնունդ չի մատակարարվում, դեղեր չկան։ Հիգիենայի միջոցներ չկան։ Ուրիշ հիմնական իրեր չկան։ Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Վառելիքի մատակարարումները դադարեցվել են: Սովի իրական վտանգ կա, մենք բախվում ենք նաև առողջական խնդիրների և այլն»,- նշել է Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Բաքուն ասում է, թե Աղդամով երթուղին բաց է` վարչապետը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որը միջազգային փաստաթղթի կարգավիճակ ունի։
«Այնտեղ հստակ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և սա ոչ միայն ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ գոտի, որը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից, հենց այս միջանցքը պետք է կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: