02/08/2023 14:26
Կարմիր խաչի հետ համագործակցությամբ նախապայման ստեղծվեց, որպեսզի Վագիֆ Խաչատրյանը դառնա կեղծված քրեական հետապնդման զոհ. Իրավապաշտպան
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ Կարմիր խաչը մարդասիրական մանդատ իրականացնող սուբյեկտից վերածվել է Ադրբեջանի հետ համագործակցող սուբյեկտի։
«Վագիֆ Խաչատրյանի առևանգման միջադեպով տեսանք, որ հարձակման թիրախ է դարձել ոչ միայն Արցախի քաղաքացին, այլև տեսանք, որ թիրախավորվեց Կարմիր խաչը, որը մարդասիրական մանդատ իրականացնող սուբյեկտից վերածվեց Ադրբեջանի հետ համագործակցող սուբյեկտի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ արտակարգ հանձնումները երբեք տեղի չեն ունենում մեկ կողմի գործողությունների շրջանակում, որպես կանոն, լինում է երկրորդ շահագրգիռ կողմը, որը, համագործակցելով հայցող պետության հետ, իրավական գործընթացներ շրջանառելով, մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս:
«Կարմիր խաչը գիտակցված կամ չգիտակցված կերպով դարձավ այն համագործակցող սուբյեկտը, որի միջոցով նախապատրաստվեցին և իրականացվեցին մարդու իրավունքների խախտումներ: Եթե չլիներ Կարմիր խաչն իր մանդատով, ապա Վագիֆ Խաչատրյանը չէր հայտնվի Ադրբեջանի իրավազորության ներքո և Ադրբեջանը չէր ունենա նրան հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների ենթարկելու հնարավորություն»,- նշեց նա։
Նա նկատեց, որ միջազգային իրավունքում պատասխանատվություն է կրում ոչ միայն այն երկիրը, որը խոշտանգում է անձին, այլև այն երկիրը, որն իր գործողություններով դրա համար պայման է ստեղծել։
«Դրա դասական օրինակն է, որ երբ պետությունը կանխատեսելով, որ էքստրդիցիայի ենթարկվող անձը կարող է խոշտանգումների ենթարկվել հայցվող պետությունում, ուղարկում է: Մարդու իրավունքների ստանդարտները երկու պետության պատասխանատվությունն են դնում: Կան բազմաթիվ նախադեպեր, երբ զոհերը դիմում են հանձնող պետության դեմ ու ասում՝ եթե դու հանձնես, կխախտես մեր իրավունքները: Այս դեպքում Կարմիր խաչը մարդու իրավունքների խախտող է դարձել»,-ընդգծեց նա:
Իրավապաշտպանը հայտնեց, որ Կարմիր խաչի հետ համագործակցության արդյունքում նախապայման ստեղծվեց, որպեսզի Վագիֆ Խաչատրյանը դառնա կեղծված քրեական հետապնդման զոհ։
«Նրա առնչությամբ լուրջ գործընթացներ են իրականանում, արդեն կա անձնական ազատության իրավունքի խախտում, նա ֆիզիկական խոշտանգումների իրական վտանգի տակ է, նրան կարող է սպառնալ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»,- ասաց Սահակյանը։