02/08/2023 16:28
«Ֆեյսբուք մեսենջեր»-ի օգտատերերը տարօրինակ հաղորդագրություն են տեսնում. ի՞նչ է դա նշանակում՝ մանրամասնում է մեդիափորձագետը
Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուք Մեսենջերի մի շարք օգտատերեր համակարգչի զննարկիչով (browser) կայքը բացելիս այսօր այսպիսի հաղորդագրություններ են տեսնում։ Ընդ որում, նույն այդ օգտատերերը հեռախոսով կամ նույնիսկ համակարգչի վրա Messenger for Windows, Messenger for Mac հավելվածներով նույն հաղորդագրությունը չեն տեսնում։ Ենթադրում եմ, որ դա կապված է Մետա ընկերության հայտարարության հետ, որ մտադիր են բոլոր հարթակներում պարտադիր ծայրից ծայր գաղտնագրում (end-to-end encryption) ակտիվացնել։ Սա, իհարկե, շատ լավ և ողջունելի նախաձեռնություն է, սակայն խնդիրներ են առաջացել, քանի որ համակարգիչների զննարկիչների վրա նման գաղտնագրման ավելացումը դեռևս էքսպերիմենտալ մակարդակում է, բնականաբար, որոշ օգտատերերի մոտ կարող է նման խնդիր առաջանալ։ Անհանգստանալու առիթ այս կապակցությամբ չկա, ի վերջո, բոլորս տարիներ շարունակ օգտագործել ենք Մեսենջերը առանց ծայրից ծայր գաղտնագրման հնարավորության։ Եթե ձեզ հարկավոր է իրապես անվտանգ մեսենջեր՝ օգտագործեք Signal, Wire, Wikr և նմանատիպ բազմաթիվ անվտանգ մեսենջերներից մեկը»։