02/08/2023 10:40
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ՝ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«ՀԱՊԿ անդամ պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույն օգուտով օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք Երևանից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ ասել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «որոշակի խնդիրներ» է ստեղծում Երևանի համար, սակայն դրանք չեն սահմանափակում այլ երկրների հետ համագործակցությունը։
ՀԱՊԿ-ն ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին նշել է ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի երկխոսությունը հայ ընկերների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ։