02/08/2023 09:37
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեում Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում են լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Ասել է թե՝ Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում են լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել, ու չի բացառվում, որ գործը ջարդեն բժիշկների գլխին, իսկ խոշոր ձկներին պատասխանատվության չկանչեն, ինչպես ավանդաբար: Թե ինչից հետո են իրավապահները որոշել չգնալ խոշոր ձկների հետևից, կներկայացնենք առաջիկայում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, և ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որևէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում»։